Ատրպէյճանում Պուտինը Ռուսաստանի Թշնամի Է Սնուցում

Հոկտեմբերի 3-ին Անկարայում կայացել է թուրքական պետութիւնների քարտէզագէտների աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ռազմական քարտէզագէտներ: Խնդիր է դրուած ստեղծել այսպէս կոչուած «Թուրքական աշխարհի» միասնական քարտէզ: Ռուսաստանի Էթնոազգային ռազմավարութեան գործակալութեան տնօրէն Ալեքսանդր Քուպրինսքին գտնում է, որ թուրքական «նախահայրենիքն Ալթայն է, որ գտնւում է Ռուսաստանի կազմում, իսկ թէ քանի թուրքական ժողովուրդ է ապրում ՌԴ-ում, ոչ ոքի ներկայացնելու կարիք չկայ»։ Նա կարծում է, որ «թուրքական աշխարհի միասնական քարտէզն առայժմ կը լինի կմախք, որ աստիճանաբար միս ու արիւն կը ստանայ»։

Քուպրինսքին համարում է, որ այդ նախագծի հովանաւորը Մեծ Բրիտանիան է՝ Ռուսաստանը «մասնատելու իր մանիակալ սեւեռուածութեամբ»։ Փորձագէտը յատուկ ուշադրութիւն է հրաւիրում Անկարայի քննարկումներին ռազմական քարտէզագէտների ներկայութիւնը: «Ժամանակակից աշխարհում հրթիռները կառավարւում են արբանեակներից, իսկ թիրախներն ընտրում են ռազմական քարտէզագէտները, որոնք նշում են բոլոր կարեւոր օբյեկտների կոորդինատները»,- ասում է Քուպրինսքին: Փաստացի նա հրապարակայնացնում է, որ «թուրքական աշխարհ» նախագիծն ուղղուած է Ռուսաստանի դէմ եւ ուշադրութիւն է հրաւիրում, որ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց զինանոցը համալրում են թուրքական ԱԹՍ-ներով: Ուշագրաւն այստեղ այն է, որ փորձագէտը բաւական ծաւալուն մեկնաբանութեան եւ ոչ մի տողով, նոյնիսկ ակնարկով, չի շօշափում Ատրպէյճանի թեման: Կարծես Ատրպէյճանը թուրքական պետութիւնների կազմակերպութեան «անդամ» եւ «թուրքական աշխարհի մաս չէ»։

Մինչդեռ յետխորհրդային առաջին երկիրը, որտեղ Թուրքիան ռազմաքաղաքական շատ ազդեցիկ ներկայութիւն ունի դեռեւս անցեալ դարի 90-ականներից, հենց Ատրպէյճանն է, որը նաեւ Թուրքիա-Կենտրոնական Ասիայի հաղորդակցութեան հանգոյցն է: Եթէ Ռուսաստանի մասնատման ծրագրի հովանաւորը Մեծ Բրիտանիան է, ապա յետխորհրդային տարածքում Լոնդոնի յենակէտը նոյնպէս Ատրպէյճանն է, որտեղ BP-ն շուրջ հարիւր միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել եւ շարունակում է Կասպեան աւազանի էներգետիկ ծրագրերում ամէնաազդեցիկ ներկայութիւն ունենալ:

Ռուսաստանում, մինչդեռ, ոչ միայն քաղաքական, այլեւ փորձագիտական մակարդակում շրջանցում են «թուրքական աշխարհում» Ատրպէյճանի դերակատարութեան, Բաքուի եւ Լոնդոնի ռազմավարական համագործակցութեան խնդիրները: Մոսկուա-Բաքու յարաբերութիւնները վերընթաց զարգացում են ապրում: ՌԴ Արտաքին հետախուզութեան ծառայութեան տնօրէն Նարիշքինի Բաքու այցով բացայայտուեց, որ կողմերի յատուկ ծառայութիւնները միասնաբար են գործում, իսկ նպատակը Հարաւային Կովկասում Արեւմուտքի ազդեցութեան չէզոքացումն է: Նշանակո՞ւմ է, արդեօք, որ Ռուսաստանի նախագահ Պուտինին յաջողուել է Իլհամ Ալիեւին «կտրել թուրքական աշխարհից»։

Դինաստիական իշխանութեան հաստատման առումով Իլհամ Ալիեւին Վլադիմիր Պուտինի աջակցութիւնը ձեռընտու է: Բայց նախ դա կարող է լինել իրավիճակային: Պուտինը յավերժական չէ, իսկ «թուրքական աշխարհ» նախագիծը որեւէ անձով պայմանաւորուած չէ, դա էթնոքաղաքակրթական ընդհանրության հիման վրայ աշխարհաքաղաքական դերակատարութեան յայտ է: Երկրորդ, նոյնիսկ ամբողջատիրական Ատրպէյճանում Պուտինի պետական այցը գնահատուել է «ազգային շահերին սպառնալիք», իսկ Նարիշքինի յայտարարութիւնները՝ «սուվերէն երկրի ներքին գործերին կոպիտ միջամտութիւն»։ Այս պահի կոնեունկտուրան վաղը կարող է արմատապէս փոխուել: Պուտինը պարզապէս Ատրպէյճանում Ռուսաստանի պոտենցիալ թշնամի է սնուցում:

Վահրամ Աթանէսեան
1in.am
9 Հոկտեմբեր 2024

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ