Սիրիայում Ռուս-Թուրքական Գործարքը Չի Կայանո՞ւմ

Սիրիայի նախագահի գլխաւոր խորհրդական Շաապանն անցեալ շաբաթ անսպասելի յայտարարել է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման բանակցութիւններ չեն սկսուի, քանի դեռ Անգարան սիրիական տարածքներում է, որտեղ իրականացնում է թուրքականացման քաղաքականութիւն:

Թուրք-սիրական հաշտեցման նախաձեռնութիւն Մոսկուան ցուցաբերել է շուրջ չորս տարի առաջ: Այդ ընթացքում կողմերի դիւանագէտները եւ յատուկ ծառայութիւնների ներկայացուցիչները բազմաթիւ հանդիպումներ են ունեցել: Ենթադրւում էր, որ կը կազմակերպուի Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների հանդիպում: Խորհրդարանի բացման նիստում Սիրիայի նախագահը նոյնիսկ յայտարարել է, որ թուրքական զօրքերի հեռացումը «նախապայման չէ»:

Այս ֆոնին նրա գլխաւոր խորհրդականի յայտարարութիւնը հակառակն է վկայում: Խնդրին մօտ կանգնած թուրք վերլուծաբանների կարծիքով՝ թուրք-սիրիական հաշտութեանը խոչընդոտում է Իրանը: Նրանց տեղեկութիւններով՝ Թեհրանի գործընկերն այդ հարցում Պաշար Ասատի կրտսեր եղբայր, չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Մահիր Ասատն է, որ գտնւում է Իրանի ազդեցութեան տակ:

Սիրիայում, ըստ միջազգային մամուլի որոշ հրապարակումների, աճում է Իրանի եւ շիա զինուած ներկայութեան դէմ դժգոհութիւնը: Վերնախաւի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ Սիրիան Իրանի պատճառով դարձել է Իսրայէլի թիրախը:

Սիրիայի հիւսիսի հետ կապուած ի՞նչ համատեղ ծրագիր ունեն Թուրքիան եւ Ռուսաստանը, կարելի է միայն ենթադրել. թուրքական օկուպացիոն ռեժիմը փորձում է լուծել այսպէս կոչուած «քրդական ինքնավարութեան» հարցը: Այդ ոչ ֆորմալ, բայց փաստացի գործող կառոյցը վայելում է Միացեալ Նահանգների հովանաւորութիւնը:

Արտառոցն այս իրավիճակում Իրանի դիրքորոշումն է, որ թուրք-սիրիական հաշտութիւնը «խոչընդոտելով»՝ փաստացի նպաստում է Սիրիայի հիւսիսում ԱՄՆ ներկայութեան պահպանմանը: Այս իմաստով խիստ ուշագրաւ է, որ եկող տարեսկզբից Իրաքում տեղաբնած ամերիկեան ուժերը կը տեղաբաշխուեն Էրբիլում:

Թուրքիան Իրաքի կառավարութեան հետ «ահաբեկչութեան դէմ համատեղ պայքարի» համաձայնութիւն է ձեռք բերել: Նոյն կերպ Անգարան պէտք է Դամասկոսի հետ համաձայնեցնէր Սիրիայի հիւսիսում ռազմական ներկայութիւնը:

Սիրիայի հիւսիսը ռուս-թուրքական ազդեցութեան գօտիների բաժանելու դիւանագիտական նախաձեռնութիւնը, երեւում է, տեղապտոյտի է մատնուել: Լիբանանի հարաւում Իսրայէլի ռազմական գործողութիւնները կապ ունե՞ն թուրք-սիրիական բանակցութիւնների հետ: Արդեօ՞ք դրանք ուղղուա՞ծ չեն տարածաշրջանում Իրանի ազդեցութեան թուլացմանը: Ատրպէյճանում Իրանի նախկին դեսպան Սուլէյմանին օրերս ասել է, որ Ռուսաստանը եւ Իրանը ոչ թէ դաշնակիցներ, այլ ռազմավարական մրցակիցներ են:

Վահրամ Աթանէսեան

30 Սեպտեմբեր 2024

1in.am

Մեկնաբանէ

Ազգ21 անկախ պլոկ

Կը հաւատանք որ միմիայն խնդիրներուն առարկայական եւ անաչառ մօտեցման միջոցով մեր ժողովուրդը ի վերջոյ կրնայ հաւաքուիլ ազգային երազանքի մը շուրջ եւ շարունակել իր պատմական երթը, դառնալով 21րդ դարու ազգ։

Ընկերային կապ

Երգիծանկարներ

Լուսանկարներ