«ի՞նչ է նշանակում՝ Ատրպէյճանն ակնյայտօրէն պատրաստւում է պատերազմի»
Վաղը սեպտեմբերի 27-ն է. 44-օրեայ պատերազմի 4-րդ տարելիցն է:
Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինեանը պատերազմից մէկ օր առաջ:
Նախ՝ 2020 թուականի Սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստատեսութեանը Փաշինեանի հարցազրոյցի անոնսն է հրապարակւում, որտեղ նա ասում է.
«Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թէզերը ճշգրիտ նոյնական են»:
Նոյն օրը Սեպտեմբերի 26-ին Փաշինեանի ընտանեկան թերթն «Ատրպէյճանական քարոզչութեան հայկական «ֆրիլանսերները»» վերտառութեամբ յօդուած է հրապարակում, որում, մասնաւորապէս, նշւում է.
«…Հիմա, ըստ Ալիեւի, Փաշինոանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձեւական բնոյթ է կրում, եւ Ատրպէյճանը չի պատրաստւում մասնակցել այդ ձեւականութիւններին… Մի խիսքով՝ համարեայ պատերազմ։ Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիւօրէն տարածում են Ալիեւի այդ յայտարարութիւնն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թէ նա աւելի ազնիւ ու ճշմարտախօս է, քան մեր վարչապետը…
Շարունակութիւնն արդէն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ատրպէյճանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու եւ պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանութիւնները ներքաղաքական հակառակորդների դէմ պայքարով էին զբաղուած, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականօրէն ներքաշելու համար, իսկ մենք հետեւողականօրէն փճացնում ենք մեր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, հետեւաբար՝ մենք անվտանգային լրջագոյն խնդիրներ ունենք եւ պէտք է օր առաջ ազատուենք այս իշխանութիւններից։
Սկսենք «վերելակային պայմանաւորուածութիւններից»։
Այդ երբուանի՞ց են Հայաստանում սկսել աւելի շատ հաւատալ ոչ թէ սեփական իշխանութիւններին, այլ Ատրպէյճանի նախագահին, եւ իրաւաբանօրէն ինչպէ՞ս է կոչւում թշնամու քարոզչութիւնը սեփական երկրում տարածելն ու դրա իրաւացիութիւնը հիմնաւորելը։
Երկրորդ՝ այդ ինչպէ՞ս է ստացւում, որ Ատրպէյճանի իշխանութիւններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապէս հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանութիւնները բանակի համար ժամանակակից սպառազինութիւն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։
Եւ յետոյ՝ ի՞նչ է նշանակում՝ «Ատրպէյճանն ակնյայտօրէն պատրաստւում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորութի՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստուեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամէն օր պատրաստուել ու հիմա էլ ենք պատրաստւում, եւ եթէ մինչեւ հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսուել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանութեան աւելի լաւ ենք պատրաստուած, քան նրանք՝ յարձակման»,- գրել էր Փաշինեանի ընտանեկան թերթը:
Այս հրապարակումից մէկ օր առաջ էլ՝ 2020 թուականի Սեպտեմբերի 25-ին, Փաշինեանն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանի գլխաւորած պատուիրակութեան հետ հանդիպմանը բանակցային գործընթացում ճեղքում մտցնելու հնարաւորութիւնը չէր բացառել։
«Ես ակնկալում եմ, որ Ատրպէյճանի նախագահը, ի վերջոյ, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պէտք է ընդունելի լինի ե՛ւ Ատրպէյճանի ժողովրդի համար, ե՛ւ Հայաստանի ժողովրդի համար, ե՛ւ Արցախի ժողովրդի համար: Սա կը նշանակի, որ մենք ունենք հնարաւորութիւն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կայ հնարաւորութիւն դա անելու, ու Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»,- նշել էր Փաշինեանը:
Եւ սա այն դէպքում, երբ ինչպէս 2021 թուականի յունիսի 11-ին 24TV-ին տուած հարցազրոյցում Սամուէլ Բաբայեանն էր ասել՝ «ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամօ Աղաջանեանը յստակ ասել է, որ պատերազմ է սկսուելու», երբ 2020թ. Սեպտեմբերի 25-ին ՀՀ իշխանութիւնները ռատիոկլանման միջոցով հենց թուրքական F-16-ի օդաչուների խօսակցութիւնից էին հասկացել, որ պատերազմ է սկսուելու, կամ՝ ինչպէս ինքն էր ԱԺ-ում մի առիթով ասել՝ «Սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռատիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասութիւն, որն այդ առումով շատ վստահելի էր թուացել», երբ Սեպտեմբերի 25-ին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանը կարգադրութիւն էր արձակել այն մասին, որ ԶՈՒ-երը պէտք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողութիւնները դիմագրաւելուն եւ կանխելուն, եւ, որ ղեկավարման մարմինների համար սահմանւում է մարտական աշխատանքային ռեժիմ, սրանից առաջ այլ կարգադրութիւններ եւս եղել են։
Ի դէպ, Սեպտեմբերի 26-ին այս կարգադրութիւնների առկայութեան պայմաններում Մատաղիսի զօրամասի հրամանատար Սեւակ Աբրահամեանը զօրամասի կազմաւորման օրուան նուիրուած խնջոյք-հացկերոյթ էր կազմակերպել, որին հրաւիրուած է եղել նաեւ ՊԲ հրամանատար Ջալալ Յարությունեանը, բայց չի մասնակցել, սակայն տեղեակ է եղել:
Եւ Սեպտեմբերի 27-ին, առաւօտեան ժամը 07:10-ին Արցախում սկսւում է պատերազմը, իսկական պատերազմ, ոչ համարեայ, ինչպէս դրանից մէկ օր առաջ գրում էր Փաշինեանի ընտանեկան թերթը….
Ի դէպ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը Սեպտեմբերի 25-26-ի երեկոյեան գտնուել էր ԵՄ եւ ՆԱԹՕ անդամ երկրում, Երեւանում է եղել 2020 թուականի Սեպտեմբերի 28-ի վաղ առաւօտեան ժամը 4-ին:
Յ.Գ. Պատերազմի օրը ՊԲ-ի պատրաստ լինել-չլինելու մասին 168.am-ը ուսումնասիրութիւնների շարք էր ներկայացրել։
Մարիամ Պետրոսեան
168.am
26 Սեպտեմբեր 2024








Մեկնաբանէ