ՀՅԴ Բիւրոյի հայ դատի կենդրոնական գրասենեակը ներկայացրել է Քանատայի արտգործնախարար Մելանի Ժոլիի յատուկ յայտարարութիւնը, որ Քանատայի ԱԳՆ ղեկավարն արել է Արցախում էթնիկ զտման եւ Արցախի հայութեան բռնի տեղահանման տարելիցի առիթով: Այդ յայտարարութեան մէջ Մելանի Ժոլին անում է կարեւոր ձեւակերպում, նշելով, որ Քանատան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական լուծմանը:
Իհարկէ, մանրամասնելով իր պատկերացումը, Ժոլին ըստ էութեան յարաբերական է դարձնում իր ձեւակերպումը, սակայն այդուհանդերձ այն ունի նուազագոյն կարեւոր արձանագրում՝ Քանատայի արտաքին գործերի նախարարը փաստացի խօսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի ստացել լուծում եւ խնդիրը գոյոթիւն ունի: Ինչ խօսք, Քանատան մի կողմից լինելով Մեծ Եօթնեակի անդամ, միւս կողմից իհարկէ համաշխարհային քաղաքականութեան որոշիչ սուբյեկտներից չէ, որի յայտարարութիւնը կարող է եղանակ ստեղծել միջազգային օրակարգում:
Այդուհանդերձ, տուեալ պարագայում բուն հարցն այն է, որ Մեծ Եօթնեակի անդամ պետութեան արտաքին գործերի նախարարի յայտարարութիւնը հաւաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծուած չէ, Արցախի թեման փակուած չէ: Սա է նաեւ, որ անհանգստացրել է Ատրպէյճանին, որն արդէն իսկ իր դժգոհութիւնն է յայտնել Ժոլիի յայտարարութեան կապակցութեամբ: Սակայն, տուեալ պարագայում իհարկէ պարզ է, որ հենց լոկ Քանատայյի ԱԳ նախարարի ձեւակերպումը չէ, որ անհանգստացնում է Պաքուին:
Պաքուին անհանգստացնում է այն, որ այսօր այդ ձեւակերպումը օգտագործում է Քանատայի ԱԳ նախարարը, վաղը կարող է դրան վերադառնալ միջազգային քաղաքականութեան եղանակ ստեղծող առաւել ազդեցիկ որեւէ դերակատարի արտգործնախարար, վաղը այդ հարցը կարող է դառնալ միջազգային քաղաքականութեան առաւել որոշիչ գործընթացների մաս: Այսօր այդօրինակ դիտարկումները կարող են թուալ երեւակայական, բայց որքան հնարաւոր չէ համոզուած լինել այդպիսի հեռանկարի հարցում, նոյնքան էլ դժուար է համոզուած լինել հակառակի հարցում: Աւելին, Ատրպէյճանն ինքը համոզուած չէ այդ հարցում, ու հենց դրա համար է, որ պայման է դարձնում Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութիւնը կամ այլ կերպ ասած՝ մինչ այժմ գոյութիւն ունեցող Հայաստանի հանրապետութեան իրաւա-քաղաքական հէնքի փոփոխութիւնն ու ԵԱՀԿ Մինսքի խմբի ու համանախագահութեան լուծարումը:
Ատրպէյճանն օգտուել է համաշխարհային պղտորուած ջրից ու ուժի կիրառումով օկուպացրել Արցախը, ենթարկել էթնիկ զտման ու բռնի տեղահանման, բայց միջազգային պղտոր ջուրը ամենեւին զուլալուած չէ, եւ նոյնիսկ շարունակում է «պղտորուել», այսինքն միջազգային յարաբերութիւնների վերանայման, աշխարհակարգի վերանայման խորքային պրոցէսը շարունակում է ծաւալուել դէպի անորոշութիւն ու անկանխատեսելիութիւն:
Իսկ այդ պարագայում նոյնպիսի անկանխատեսելիութիւն է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի հեռանկարի առումով: Պաքուի տագնապն այն է, որ համաշխարհային այդ «մշուշի» մէջ յանկարծ կարող է բախուել այդ խնդրին: Ամբողջ հարցն այն է, որ այդ առընչութեամբ պաթետիկ պատրանքների փոխարէն, արցախահայութիւնից, յատկապէս նրա այսպէս ասած ինստիտուցիոնալ ներկայացուցիչներից, նաեւ Հայաստանից եւ ընդհանրապէս հայկական կազմակերպութիւններից լայն իմաստով պահանջւում է հանդարտ, հետեւողական, ռացիոնալ աշխատանք:
Յակոբ Պատալեան
23 Սեպտեմբեր 2024
1.am








Մեկնաբանէ